Եվ ուղտերն, իբրև ոսկի մակույկներ, հուր ալիքները ծով – անապատում
Ճեղքելով արագ սլանում էին դեպի բոցավառ, լուսավառ հեռուն:
Եվ ոչ մի սամում հրաշունչ թևով չէր կարող հասնել նրանց արշավին,
Նրանց թռիչքին չէր կարող հասնել սլացքը նետի վայրի բեդվինի:
Վուհադիներից զով սյուքն էր բերում վառ քասիդները այրող կարոտի,
Դայլայլում էին կաթնաղբյուրները երազներն իրենց կուսական սրտի:
Եվ հեքիաթների լույս փերիները մայր – արմավենու քնքուշ սոսյունով
Համբույր ու ողջույն ուղարկում էին և կանչում նրան գաղտնի խոստումով:
Բայց Աբու – Լալան չէր ուզում լսել սիրո ողջույնին, գողտրիկ սոսավին,
Թռչում էր անհագ` դեպի արևը, և ինքն էլ պայծառ` նման արևին:
Իսկ սերաբները նոր տեսիլներով բյուր պատրանքների, հրապույրների`
Թռցնում էին կախարդված հոգին ոսկի թևերով լույս – անուրջների:
Ուղտերը արձակ պարուսաններով հուժկու, մոլեգին, այնպես խոլաբար
Սլանում էին, ճախր էին առնում հրեղեն թափով, խենթ ու խելագար:
Եվ արեգական վառ ցնցուղի տակ բոցկլտում էին ուղտերը զվարթ.
Եվ բարձրաղողանջ կայլակում էին զանգակներն ազատ, ցնծուն լուսազարդ:
Աբու Մահարին արծվի նման աչքերն անքթիթ` արևին հառած,
Թռչում էր աննինջ հոգին լուսարբած և երանության ջահերով վառված:
Նրա ետևում լոկ անապատն էր փռված հոլանի` լույսերի ծոցում,
Իսկ գլխի վերև արևն էր նազում շափյուղյա վարսերն անծիր տարածուն:
Եվ ոսկեփրփուր ծիրանին ուսին Աբու Մահարին, մեծ բանաստեղծը,
Թռչում էր անդուլ` հաղթական ու վեհ, դեպի արևը, անմահ արևը…